Փարիզի դատախազությունը քննություն է սկսել՝ կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի հասցեին ուղղված սպառնալիքների հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական Parisien կայքը:
Կայքը գրում է, որ փետրվարի 16-ին Օլանդին փոստով նամակ է ուղարկվել Պերպինիան քաղաքից: Դրան կցվել է գեներալ Շառլ դը Գոլի լուսանկարը և երկտող՝ «Առայժմ ամեն ինչ լավ է»: Բացի այդ, ծրարում դրված է եղել Բորիս Վիանի ստեղծագործությունից մի հատված, որը, մասնավորապես, կարող է արտացոլել Օլանդի բացասական վերաբերմունքը Եվրամիության մեջ չմտնող օտարերկրացիների և միասեռական ամուսնությունների նկատմամբ:
Պարբերականը, հենվելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ իրավապահ մարմիններն ամենայն լրջությամբ են վերաբերվել սպառնալիքներին: Այս պահին Փարիզի ոստիկանության քրեական բաժինը փորձում է պարզել նամակն ուղարկողի անձը:
Հարկ է նշել, որ ներկայիս նախագահական քարոզարշավի ընթացքում սա առաջին անգամ չէ, որ Օլանդի հասցեին սպառնալիքներ են հնչում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 22-ին և մայիսի 6-ին (երկրորդ փուլը): Վերջին հարցումների համաձայն՝ Օլանդը մի քանի կետով առաջ է անցնում գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից:








































