ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` հետազոտված հարյուր հազար երեխայից 51460-ն ունի տարբեր տեսակի հիվանդություններ:
Մանկաբույժ Արմինե Ադիլխանյանի խոսքերով` բոլոր այն վիրուսային հիվանդությունները, որոնք տարածված են մեծահասակների շրջանում, առկա են նաև երեխաների մոտ. «Երեխաների շրջանում առավել տարածված են պարբերական հիվանդությունները, հատկապես` երևանյան հիվանդությունը: Հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է: Այն փոխանցվում է ժառանգաբար և հիմնականում ի հայտ է գալիս 3-4 տարեկանում: Հիվանդության միակ բուժիչ դեղամիջոցը կոլխիցինն է»: Հիվանդությունը ժամանակին չկանխարգելելու դեպքում այն կարող է մահվան պատճառ դառնալ: Դեղամիջոցն անվճար կարող են ստանալ բոլոր այն երեխաները, ովքեր գտնվում են «Արաբկիր բժշկական համալիրի» դիսպանսերի հսկողության տակ:
Մաշկային հիվանդություններից հատկապես տարածված է դիաթեզը: Այն դրսևորվում է երեխաների մոտ` սկսած 3-4 ամսականից, և կարող է տևել մինչև կյանքի վերջ: Ժամանակին զուգընթաց` հիվանդությունը մեղմանում է:
Խոսելով երեխաների պատվաստումների մասին` Արմինե Ադիլխանյանը նշեց, որ դրանք, իհարկե, հարկավոր են, բայց պարտադիր պետք է հաշվի առնել երեխայի առողջական վիճակը. «Եթե երեխան այդ պատվաստումը ստանում է իրենց տեղամասային պոլիկլինիկայում, ապա այն անվճար է: Բայց լինում են դեպքեր, երբ ծնողը ցանկանում է, որ երեխան ստանա պատվաստում կոնկրետ որևէ հիվանդանոցում: Այդ ժամանակ նա դրա համար վճարում է»:






































