2011 թ. Հայաստանից արտահանվել է 439.8 տոննա պանիր և կաթնաշոռ՝ 2010-ի 496.4 տոննայի փոխարեն: Այս ցուցանիշները հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը: Հիշեցնենք, որ արտերկրում հայկական պանիրը գովազդելու և արտահանման ծավալների մեծացմանը նպաստելու համար 2010 թ. սկզբում պետության կողմից՝ ի դեմս Զարգացման հայկական գործակալության, և Պանիր արտադրողների միության կողմից հիմնադրվեց «Հայկական պանիր» ՓԲԸ-ն։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը հայտնեց, որ թե՛ տեղական շուկայում պանրի սպառմանը և թե՛ արտահանման ծավալների ավելացմանը խոչընդոտել է պանրի գնի բարձրացումը. «Գների բարձրացումը բերել է մրցակցության որոշակի նվազման արտասահմանում»:
ՀՀ-ից պանրի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է: Ռ. Հարությունյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ՌԴ հետ 1.5 մլն դոլար ընդհանուր արժեքով պանրի մատակարարման պայմանագիր կա կնքված: «2011-ին մատակարարումները սկսել ենք, 2012-ին կշարունակենք: Ընդհանուր առմամբ, պանրի ոլորտը զարգացման լուրջ ծրագրի կարիք ունի: Պանրի որակի, տեխնոլոգիաների բարելավման խնդիրներ ունենք, և այդ ամենով այս տարի ավելի մանրակրկիտ զբաղվելու ենք»,- ասաց Ռ. Հարությունյանը:






































