«Գայլերի որսի հետ կապված խնդիրը կա դեռ վաղուց: Պետք է ամեն ինչ անենք գայլերի պոպուլյացիան պահելու համար, բայց միևնույն ժամանակ փորձենք քչացնել վտանգը: Երկու հարյուր գայլի ոչնչացումը նրանց պոպուլյացիային չի վնասի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսապաշարների կարգավորման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը:
Նրա հավաստմամբ՝ արդեն քսան տարի է գայլերի որս չի եղել: Միայն անցյալ տարի գայլերը հարձակվեցին գյուղերի վրա և ոչնչացրին 300-400 ոչխար: Հունվար-փետրվար ամիսները գայլերի բեղմնավորման շրջանն է և շատ վտանգավոր: Դա է պատճառը, որ հենց հիմա նախաձեռնեցինք այս քայլը. «Այս քայլի պատճառն է նաև այն, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերից գայլերի հարձակման ահազանգ ենք ստացել: Նրանք վտանգ են ներկայացնում նաև Կարմիր գրքի կենդանիների համար»:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, խոսելով գայլերի ոչնչացման ծրագրի մասին, նշեց, որ պետք է խելացի մոտենալ այս խնդրին. «Սա պայքարի բարբարոսական ձև է: Պետք է կատարել ուսումնասիրություններ և փորձել հասկանալ, ինչն է պատճառը, որ գայլերը կորցրել են իրենց կենսամիջավայրը և որսի համար դուրս են գալիս գյուղեր»: Ադամյանի կարծիքով՝ գայլերի վրա կրակելով հարցը լուծում չի ստանա: Կարելի է այս գործընթացը կազմակերպել որսի շրջանում կամ գյուղերին տրամադրել այնպիսի շներ, որոնք կարող են պաշտպանել գայլերից:
Նշենք, որ բնապահպանության նախարարությունը գայլերի ոչնչացման որոշում է կայացրել, ըստ որի՝ պետք է 200 գայլ ոնչացվի: Յուրաքանչյուր սպանված գայլի համար որսորդները կպարգևատրվեն 100 հազար դրամով:




































