«Ժողովուրդ, դու 5000 դրամանոց ես»,- գոչում են ընտրվողներն ու այս պիտակը «պլետ» դարձրած` ամեն Աստծո օր հարվածում աջ ու ձախ: Ժողովրդի գնահատման ու թեստավորման գործում ակտիվացել են բոլորը` իշխանությունը, ընդդիմությունը, չկողմնորոշված ու խարխափող այլ կուսակցություններ և, ուշադրություն. անգամ Հովոն` իր ֆեյսբուքյան հրապարակումներում:
Սկսենք վերջից, այսինքն` Հովհաննես Ազոյանից: Այս հաղորդավարը, շոումենը, դերասանը և, վերջապես, կատակերգուն, որ վերջերս նաև իմաստասերի իմիջի մեջ է, գնահատական է տվել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքին, և ի լուր ամբողջ ֆեյսբուքի` հայտարարել. «Այսօրվա կուրսով մեկ հայը 5000 դրամ է»: Ուրիշ օգտատերեր էլ հավաքվել են ու այս հայտարարության տակ մի լավ մզզացրել այդ էժանագին, զզվելի ժողովրդին:
Եթե համարենք, որ Հովհաննես Ազոյանի գրածը ժողովրդական ծաղրածուի սթափեցնող հայտարարություն է և, ընդհանրապես, կարծիք կամ տեսակետ, որը արտահայտելու սահմանադրական իրավունքն ունեն բոլորը, ապա ես էլ կասեմ, որ Հովոյի այդ հայտարարության ոչ միայն ձևակերպումը, այլև մոտեցումն է անհաջող, որովհետև իսկական ծաղրածուները քաջություն են ունեցել նախ ասելու թագավորի գինը, նոր հետո` ժողովրդինը: Ի վերջո, հանգիստ կարելի է ասել, որ դո’ւ, Հովո, 5000 դրամանոց ժողովրդի 5000-անոց դերասանն ես, որովհետև ա’յս ժողովուրդը ծափահարեց քո խաղը, ա’յս ժողովուրդը քեզ հռչակեց իր կատակերգուն:
Դառնանք ընդդիմությանը: Ընդդիմության համար սա պատրաստի արդարացում է` «Ընտրությունները կեղծված են. ասում էինք, չէ՞, ժողովուրդը ընտրակաշառք է վերցրել»: Սա է, ըստ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունների, տապալված ընտրությունների պատճառը: Եվ 5000 դրամանոց կաշառքը բաժանելն ու ընդունելը դարձրել է իր ձախողումներն արդարացնելու կռվան: Ընտրակաշառք վերցնելը, ձայնը վաճառելը անոմալիա է, բայց ոչ քաղցած և ապատիկ հասարակության դեպքում: Այս մասին հրաշալի գիտի իշխանությունը և իր վերարտադրությունն ապահովելու համար ամեն ինչ անում է, որ ավելի խորացնի քաղցն ու ապատիան, որովհետև քաղցած ու հիվանդոտ մարդու սիրտը հաց ու դեղ է ուզում, և ամենևին էլ ոչ ժողովրդավարություն կամ թափանցիկ ընտրություններ:
Ընդդիմությունն էլ հրաշալի հասկանում է, որ ընտրակաշառքի քոքը կտրելու համար պետք է հասարակական ընկալումները փոխվեն: Միտքը պիտի մաքրվի, հավատն առողջանա: Մեջքը պիտի բուժվի, որովհետև քանի անգամ իրեն թափ տվեց, որ ուղղվի ու արժանապատիվ կեցվածք ընդունի, խփեցին մեջքին ու ցույց տվին ստրուկի բանտախուցը` «Քո տեղն այնտեղ է»: Գիտի ընդդիմությունը սրանց մասին, ու անճար է հենց ա՜յս հարցում:
Չմոռանանք, որ նույն այդ ժողովուրդը 2008-ին հավատով տվեց իր ձայնը ընդդիմության ներկայացուցչին: Հետո դուրս եկավ հրապարակ` պաշտպանելու իր ձայնի, իր ընտրության իրավունքը, չփախավ ծեծի հրապարակից, թաթախվեց արյան մեջ ու զոհեր տվեց: Ու ոչ մի անգամ ժողովուրդը նույն ընդդիմության առաջնորդների երեսով չտվեց, թե «Դո’ւ, ընդդիմություն, չկարողացար պաշտպանել իմ ձայնը: Ընտրատեղամասերում քո վստահված անձինք հիմնականում ծախված էին կամ ՙդուխները՚ տեղը չէր, որովհետև ոչինչ չէին անում ընտրախախտումները կանխելու համար: Դո’ւ, ընդդիմություն, արժանի չես ինձ, որովհետև քեզ համար հեշտ է նաև ընդդիմություն լինելը, իսկ ինձ համար անգամ մեկ օր այսպես ապրելն է դժվար» :
Խոսքը բոլորովին այն մասին չէ, թե մենք ընտրակաշառք տալուց ու վերցնելուց զերծ «ածու» ենք, թե ամոթ է խոսել 5000 դրամանոց ընտրակաշառքի մասին, և մեղավորը մենք չենք, ուրիշներն են: Սա իրական փաստերով գործող առասպել է, որին Հայաստանում տուրք են տալիս բոլորը:
«5000 դրամների պատմությունը հիմք է, որ քաղաքական առասպել ստեղծվի, և այդ միֆը թելադրող բնույթ ստանա: Ինչո՞ւ: Որովհետև բազմիցս կրկնվելու դեպքում սա արդեն գոյություն ունեցող իրական ակնկալիք է դառնում: Մեր ժամանակների այս քաղաքական առասպելը, ամրապնդվելով, խոչընդոտում է հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների հաստատմանը և որոշ ախտածին երևույթների շուրջ հանդուրժողականության ձևավորմանը: Հատկապես իշխանության համար սա շատ հարմար առասպել է, քանի որ դրա տարածման ու ամրապնդման հաշվին իր գործողությունները չեն համարվի անընդունելի, ոչ քաղաքակիրթ և անսպասելի»,- մեզ հետ զրույցում այսպես վերլուծեց ՀՌԱՀԿ փորձագետ Արմինե Ղազարյանը:
Ստացվում է, որ իշխանությունը հայտնի անեկդոտի անբարոյական կինն է, որ բժշկին պատմում է իր սեռական պաթոլոգիաների մասին և խնդրում փաստաթղթի վրա ամրագրել կամ, այսպես ասած, «օրինականացնել»իր հիվանդագին անբարոյականությունը:
Կարճ ասած, հարգելի ընդդիմություն, իշխանություն և այլք, մեր ընտրությունների տապալման, մեր բոլոր դժբախտությունների բուն պատճառը 5000 դրամանոց կաշառքը չէ: Ընտրությունները մեր քաղաքական-հասարակական ամբողջ կյանքի և հարաբերությունների մի հատվածն են: Կաշառք տվողն էլ ենք մենք, կաշառք վերցնողն էլի’ մենք ենք: Եվ ի՞նչ կարող է պատահել այն մարդու հետ, եթե նրան օրը մի քանի անգամ հրապարակավ ծեծես ու ասես. «Դու կաշառվող ես, դու ստոր ես, դու թույլ ես, դու վատն ես, դու էժանագին ես…».
Մեր փորձագետն այսպես պատասխանեց. «Այդպիսով մարդուն դեպի վատը լինելու այլընտրանքն ես ուղղորդում: Իրականում մարդիկ ավելի լավն են, քան մենք ենք պատկերացնում: Մարդիկ ավելի արդար են, քան մենք ենք նշում: Եվ մարդը կարիք ունի բարի ու արդար գործերի, քան կեղծելու, ծախվելու, վատ արարքներ թույլ տալու»:










































