Թուրքական Hürriyet թերթում հրապարակած հոդվածում Զեյնափ Գյուրջանլըն անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գործող անցագրային ռեժիմի չվերացման խնդրին: Հիշեցնենք, որ
2008 թվականին Թուրքիան միակողմանիորեն վերացրել է Ադրբեջանի հետ գործող անցագրային ռեժիմը, իսկ Ադրբեջանը ցայժմ հրաժարվում է գնալ այդ քայլին:
Գյուրջանլըն նշել է. «Բոլորը Թուրքիայի ու Ադրբեջանի համար ասում են «Մեկ ազգ, երկու պետություն»: Չնայած դրան, Ադրբեջանը ցայժմ հրաժարվում է վերացնել Թուրքիայի հետ միակողմանիորեն գործող անցագրային ռեժիմը: Թուրքիան շատ երկրների հետ է վերացրել գործող անցագրային ռեժիմը՝ Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից սկսած մինչև բազմաթիվ աֆրիկյան երկրներ:
Նույնը Ադրբեջանի հարևան, կովկասյան երկիր Վրաստանի պարագայում է, որի քաղաքացիների կողմից մեր սահմանի հատման համար չի պահանջվում անգամ անձնագրի առկայություն (պարզապես ինքնության վկայական): Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չի վերացնում գործող անցագրային ռեժիմը:
Պաշտոնապես դրա պատճառը տեխնիկական ու փաստաթղթային հարցերն են, իսկ ոչ պաշտոնապես (լրագրողներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ) նշվում է, որ դրա հիմնական պատճառն Իրանն է: Ադրբեջանի ու Իրանի միջև նույնպես գործում է անցագրային ռեժիմ: Իրանը պահանջում է, որ եթե Ադրբեջանը վերացնի Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմը, ապա նա դա պետք է անի նաև իր պարագայում:
Նայելով քարտեզին՝ մենք տեսնում ենք, որ Իրանը տիրապետում է Ադրբեջանին ճնշելու լծակի: Խոսքը Նախիջանի մասին է, որի և Ադրբեջանի մնացյալ շրջանների միջև ցամաքային կապն իրականացվում է Իրանի միջոցով: Ստացվում է, որ եթե Ադրբեջանն անտեսի Իրանի այդ պահանջը, ապա Նախիջևանի հետ կապը կարող է կորստյան մատնվել:
Դրա համար էլ Ադրբեջանը հրաժարվում է վերացնել Թուրքիայի հետ միակողմանիորեն գործող անցագրային ռեժիմը: Իսկ եթե Ադրբեջանը վերացնի Իրանի հետ գործող անցագրային ռեժիմը, ապա դա կարող է ժողովրդագրական վերափոխում առաջացնել տարածաշրջանում: Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 միլիոն, մինչդեռ Իրանինը՝ 75 միլիոն, որի գրեթե կեսը՝ 35 միլիոն, էթնիկ ադրբեջանցիներ են և ազգակցական կապեր ունեն Ադրբեջանում:
Իրանը կարող է նրանց միջոցով իր (կրոնական ու մշակութային) ազդեցությունը տարածել Ադրբեջանում: Իրանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերություններից մեկի պատճառն էլ այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքը աշխարհում բնակվող 50 միլիոն ադրբեջանցիների նախագահն է (ներկայումս ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են երկիրն անվանել Հյուսիսային Ադրբեջան՝ ընդգծելով, որ հյուսիսի առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է նաև հարավի առկայություն.- 1in.am)»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև գործող անցագրային ռեժիմի չվերացման հարցում մեղադրել էր Իրանին.
«Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ անցագրային ռեժիմի վերացման հարցում, սակայն Իրանը խոչընդոտում է դրան՝ պահանջելով նույնն անել իր նկատմամբ։ Հակառակ դեպքում Իրանը զգուշացրել է, որ կկտրի Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապը։ Ադրբեջանը պետք է միաժամանակ անցագրային ռեժիմը վերացնի Թուրքիայի ու Իրանի հետ։ Սակայն ես չեմ կարծում, թե տվյալ փուլում Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է այդ քայլին գնալուն»։
Հասանովը, սակայն, հետագայում հերքել էր իր խոսքերը՝ ընդգծելով, որ ինքը միայն նկատի է ունեցել, որ Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի վերացումը կարող է դերակատարում ունենալ նաև Իրանի հետ միաժամանակ անցագրային ռեժիմի վերացման հարցում։










































