Այսօր Լատվիայում մեկնարկում է ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարցով հանրաքվեն: Այս հարցի քննարկումը լուրջ առճակատում է առաջացրել երկրի ներսում: Երկրի տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում` Լատվիայի նախկին նախագահ Զատլերսը, դիմել է ռուսախոս բնակչությանը` կոչ անելով դեմ քվեարկել այս հարցին, քանի որ դրական որոշումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրում:
Ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Մայրենի լեզու» կազմակերպության անդամ Վլադիմիր Լինդերմանը, որին միացել է «Համաձայնության կենտրոն» կուսակցությունը: Վերջինս հաղթել էր անցած խորհրդարանական ընտրություններում, և այդ կուսակցությանն է սատարում երկրի ռուսախոս բնակչությունը:
«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ ըստ փորձագետների` հանրաքվեն կտապալվի, և փետրվարի 18-ից հետո Լատվիայի պետական լեզուն կշարունակի մնալ լատվիերենը: Այս կարծիքին է, մասնավորապես, Լատվիայի Սեյմի պատգամավոր Վյաչեսլավ Դոմբրովսկին: Նա ասել է` հանրաքվեն չէր լինի, եթե ստորագրահավաքին չմիանար ընտրություններում հաղթած «Համաձայնության կենտրոն» կուսակցությունը, որին ի հակակշիռ ստեղծվեց իշխող կոալիցիա, իսկ ռուսամետ կուսակցությունը տեղեր չստացավ կառավարությունում: Դրանից հետո «Համաձայնության կենտրոն»-ը միացավ ստորագրահավաքին և հանրաքվեի նախաձեռնությանը:







































