Հունաստանի ֆուտբոլի սուպերլիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու այդ երկրի առաջնությունը` բողոքելով երկրում բյուջետային կտրուկ կրճատումների և խնայողությունների ծրագրի դեմ: Կառավարության այդ ծրագրով նախատեսվում է, որ պետությունը կարող է միջամտել ֆուտբոլային ակումբների գործերին:
Նոր օրենքի հոդվածներից մեկի համաձայն՝ կառավարության համապատասխան ստորաբաժանումը կարող է հունական ակումբին դուրս թողնել ազգային առաջնությունից, եթե վերջինս պարտքեր ունի խաղացողներին և հարկատուներին:
Սուպերլիգայի ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը՝ չեղյալ համարել փետրվարի 25-ին և 26-ին կայանալիք 23-րդ տուրի խաղերը, նախազգուշական քայլ է:
ՖԻՖԱ-ն արդեն հայտարարել է, որ միջազգային այդ կազմակերպությունը հունական կառավարության որոշումը կարող է դիտարկել որպես միջամտություն ֆուտբոլային գործերին, ինչի դեպքում ՖԻՖԱ-ն սովորաբար որակազրկում է տվյալ երկիրը և արգելում նրա հավաքականների և ակումբների մասնակցությունը միջազգային մրցումներին: