Քադաֆիի շրջապատի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր փախել էին Լիբիայից, ստեղծում են քաղաքական շարժում՝ նպատակ ունենալով իրականացնել ռադիկալ փոփոխություններ: Այս մասին BBC-ին հաղորդել է գնդապետի նախկին մտերիմներից մեկը:
Նրա խոսքերով՝ այսպես կոչված «Կանաչ Լիբիայի» անդամների մեծ մասը համաձայնության է եկել ձևավորել նոր «Համազգային լիբիական ժողովրդական շարժմում»: BBC-ի կողմից հաղորդվող հայտարարության մեջ ասվում է, որ նոր շարժումը նպատակ ունի կանխել քաղաքացիական պատերազմը:
Նախկին պաշտոնյան իր անունը չի հայտնել՝ վախենալով մինչև հիմա Լիբիայում գտնվող իր ընտանիքի անդամների անվտանգության համար:
Կասկած չկա, որ նախկին վարչակարգը մինչ օրս աջակցություն է գտնում Լիբիայում: Սակայն հնարավոր չէ որոշել նրա կողմնակիցների հստակ թիվը: Քաղաքական շարժման ստեղծումը դժվար խնդիր կլինի՝ հաշվի առնելով, որ գնդապետ Քադաֆին մահացած է, իսկ նրա որդի Սեյֆը գտնվում է լիբիական բանտում:
Անցած շաբաթ գնդապետի մյուս որդին` Սաադին, ով թաքնվում էր Նիգերում, զգուշացրել էր, որ Լիբիան գտնվում է երկրորդ հեղափոխության շեմին:










































