Այսօր երեկոյան Մաշտոցի պուրակի ակտիվիստների վերջին պահանջը՝ ակտիվիստներին անձամբ Տարոն Մարգարյանի ներկայանալն էր, այլապես երկուշաբթի առավոտյան ակտիվիստներն իրենք կգնան քաղաքապետարան:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը Մաշտոցի պուրակում մասնակցում էր բնապահպանական ակտիվիստների ակցիային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց. «Ես գտնում եմ, որ սա անգամ խայտառակություն էլ չէ, քրեական հանցագործություն է: Ցավոք սրտի, սա նորմալ է այն դեպքում, երբ մենք քաղաքապետ չենք ընտրում, այլ նշանակվում է»:
Կինոռեժիսորը վստահ է, որ նշանակվողը ոչ մի պարտավորվածություն չունի նրանց հանդեպ, ովքեր իրեն չեն ընտրել, պարտավորվածություն ունի նրանց հանդեպ, ովքեր իրեն նշանակել են: Էդգար Բաղդասարյանը համոզված է, որ Տարոն Մարգարյանն այս իրավիճակում պատանդ է, քանի որ պարտադրված որոշում է կայացրել. «Մարդ ինչքան չպետք է սիրի իր քաղաքը, որ նման կերպ վարվի: Ո՞ւմ է պետք նման քաղաքապետը, ով չի կարողանում ինքնուրույն որոշում կայացնել»:
Թեև Էդգար Բաղդասարյանի համար վերջին տարիներին ձևավորված քաղաքացիական ակտիվությունը շատ ոգևորող է, սակայն նա կարծում է, որ ավելի ակտիվ պետք է լինել. «Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը վարձու աշխատող է, իսկ մենք էլ իրենց վարձել ենք, որ աշխատեն հօգուտ քաղաքացիների, այլ ոչ թե խաներ և սուլթաններ են, որոնք ժառանգաբար նշանակվել են»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանի՝ ակտիվիստներին վիրավորելու փաստին, Էդգար Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը պուրակ է եկել հենց դա իմանալուց հետո, որովհետև սարսափելի զայրացել է:
Մտավորականների շարքից կինոռեժիսորն իրեն ջնջել է տվել. «Ես ինձ համարում եմ սևագործ բանվոր, հանքափոր, որովհետև նման ծախու մտավորականության կողքին լինել անհարմար է»:
Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» և «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունների մի խումբ բնապահպանական ակտիվիստներ Մաշտոցի պուրակի համար կազմակերպված ակցիան ամփոփելով՝ նշեցին, որ վաղը՝ առավոտյան ժամը 8-ից նորից հավաքվելու են Մաշտոցի պուրակում:










































