Երկու օր է՝ Facebook-յան հանրությունն ակտիվորեն քննարկում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ փետրվարի 14-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի ընդունելության ժամանակ ներկայացրած Հայաստանի ոստիկանությունում կազմավորվող նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստը:

Դեռ նախորդ տարվանից ոստիկանական համակարգի կարևոր բարեփոխումների մասին (գոնե հրապարակավ հնչեցրած մակարդակում) խոսակցությունները պտտվում էին նաև ոստիկանական համազգեստների շուրջ, ընդ որում՝ այս տարի պետք է ավարտվի համազգեստների «արդիականացման» գործընթացը: Լուսանկարները, որոնք ակտիվորեն շրջանառվում են համացանցում, լայն քննարկման, քննդատությունների և սրամտությունների առիթ են հանդիսացել: Հատկապես Facebook-յան հանրությունը չի պատկերացնում՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի՞ ճաշակով են նոր համազգեստները, թե՞ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հավանությանն արժանացած էսքիզներն են կյանքի կոչվել, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, Վովա Գասպարյանի սրտով չէին:

Facebook-ի քննարկումներից հետաքրքիր էր Արտակ Արզումանյանի «քոմենթը», ըստ որի՝ այս համազգեստը հին, վատ ֆանտաստիկ կինոյի մեջի ապագայի ոստիկանի կերպար է հիշեցնում… «Դժվա՞ր ա ցանկացած եվրոպական ոստիկանի համազգեստ վերցնել ու մի քիչ փոխել, կամ դա էլ չանեն, ինձ մինչև հիմա անհասկանալի ա ոստիկանների սերը դեպի բերետ… Կարո՞ղ ա, որ բերետը դնում են` իրանց միանգամից կինոյի սպեցնազի տղա են զգում… Բերետ ու բատինկեն ո՞րս ա ոստիկանի համար… Կոշիկ ու ֆուռաժկա պիտի լինի»: Անգամ կարծիք կար, որ այն հոմոսեքսուալի շորեր է հիշեցնում, և որ պարապությունից հիմա շորերն են կարում: Ուշագրավ էր հատկապես Գայանե Գևորգյանի մեկնաբանությունը, որ սա խայտառակություն է և տեսնես՝ ո՞ւմ ծանոթն է շահել այս մրցույթը. «Այս աստիճանի բոմժ համազգեստ ունենալ… երկիր են ներկայացնում, ինչպես կարելի է էլի ծանոթ-բարեկամ խաղացնել, ամոթ է, ամոթ, ես վիրավորվում եմ, ինչպես կարող եմ իմ իրավունքների պաշտպանությունը վստահել այս համազգեստը կրող իրավաբանին` տվյալ դեպքում ոստիկանին, ռաբիզ աղավնին նոյի աղավնի՞ն է, թե՞ խաղաղության, բայց կարող է խաղաղապահ ուժերն են ներկայացնում, էէէէէ չգիտեմ, բայց պետք պայքարել քանի դեռ մասսայականացում չի գտել»: Լանա Հակոբյանին էլ հետաքրքում էր, թե ինչքան գումար է հատկացվել բյուջեից այս կոմիքսը իրականացնելու համար: «Էս Սադամի զորքը եկել ա Հայաստա՞ն»: Կար տեսակետ, որ համազգեստի էսքիզը վերցվել է ռեժիսոր, սցենարիստ Տատյանա Լիոզնովայի «Գարնան 17 ակնթարթը» ֆիլմից… Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ գրել էր. «Վովա Գասպարյան feat. Юдашкин. Կարված է հատուկ Կիրովի այգու հիմնախնդիրը լուծելու համար»:
Ոստիկանությունից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ով է համազգեստի դիզայները, միայն նշեցին, որ հատուկ ստորաբաժանումների համար է կարվում, և երբ վերջնական պարզ լինի, այն ժամանակ լրագրողներին կտրվեն սպառիչ պատասխաններ: Փորձեցինք նաև դիզայներներից ճշտել՝ մասնակցե՞լ են արդյոք մրցույթի, հայտ ներկայացրե՞լ են: Սակայն հիմնականում պատասխանը ժխտողական էր:

Նկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը դետալ առ դետալ նշեց թերությունները: Ըստ կոմպոզիցիայի հիմունքների՝ մարմնի գծային համաչափության հիմունքները խախտված են, մարմինը բաժանված է չորս հավասար մասերի, ըստ որի՝ մարդկային չափաբաժինները դիտվում են շատ տգեղ, մարմինը չի կարող հավասար չորս մասի բաժանվել: Երկրորդ թերությունը, դիզայների մեկնաբանմամբ, բերետի առկայությունն է: Նրա խոսքերով, բերետ միշտ կրել են հատուկջոկատայինները, և այս պարագայում կարծես արժեզրկվում է իմաստը: Երրորդ՝ այդ բերետները չեն կարող սազել բոլորին, քանի որ մեր ոչ բոլոր ոստիկաններն են գեղեցկադեմ, և թմբլիկների ու գերերի դեպքում՝ այդ հագուստը կրելու պարագայում ուղղակի ծիծաղելի տպավորություն կթողնի և ոչ մի ազդեցիկություն չի ունենա: Իսկ դասական գլխարկները (фуражка) կարելի էր փոփոխության ենթարկել, բայց դրանք տպավորիչ են, և ամբողջ աշխարհում որևէ մեկը չի դավաճանում այդ գլխարկներին. «Հերիք չէ, որ սիրուն չէ, հետն էլ անգրագետ տպավորություն է թողնում»:
Լիլիթ Մարգարյանի կարծիքով, պետք էր ուղղակի վերցնել արևմտյան մոդելը և որոշակիորեն ազգային բաղադրիչ դնել մեջը. «Ինչպես վրացիները վերցրին, սա դասական ֆորմա է, և սա գողություն չի դիտվի, պետք էր գեղեցիկ շապիկներ, շալվարներ պատրաստել, տղամարդը վերջապես մարդ է, որը ուզում է լինել նորաձև և գեղեցիկ, և համազգեստը ամեն առավոտ պետք է ոչ թե զզվանքով, այլ հաճույքով կրի, ինչն էլ կազդի նրա աշխատանքի վրա: Ի վերջո, պետք է իրեն գեղեցկացնի, ոչ թե տգեղացնի»:

Բացի այդ, նա կարևորեց տվյալ դեպքում բարձրորակ կտորի առկայությունը և ոչ թե չինական և նախատեսված զինվորների ու ոստիկանների համար, որ չքրտնեցնի, պետք է չմրսեցնի, պետք է ջուր չանցնի, չսառեցնի և այլն:
Լիլիթ Մարգարյանի խոսքերով, Վրաստանում ոստիկանությունը գեղեցիկ է ներկայանում, քանի որ ամերիկյան փոլիսի օրինակով է արված, այսինքն՝ սեքսուալ տղամարդու կերպար է, ոչ թե ինչ-որ ճլորած մեկի: «Վրացիներին բնորոշ է երկար-բարակ չմտածել, վերցնում են միանգամից լավագույն տարբերակը, թխում են ու վայելում են շատ լավ ձևով: Մինչդեռ հայերին հասկանալ չի լինում՝ թե ինչ են փնտրում այդ կաթսայի մեջ, մասամբ ավելի շատ ֆինանս»: Նա նշեց, որ իր մտքով երբեք չէր անցնի ձիթենու ճյուղ նկարել:








































