Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Ադրբեջանը Վրաստանի գլխավոր ներդրողներից մեկն է:
«Ադրբեջանը վերջին շրջանում 800 միլիոն դոլարի ներդրում է կատարել»,- ասել է Սաակաշվիլին՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի հետ հանդիպման ժամանակ:
Սաակաշվիլին նշել է, որ այդ ներդրումները Վրաստանի քաղաքացիներից շատերին օգնել են զգալ կյանքի համը և հավատ են ներշնչել ապագայի հանդեպ: Բացի այդ, նախագահն ասել է, որ գնալով շատանում է ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստում է երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը:
Իր հերթին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ Ադրբեջանն ապահովում է Վրաստանի և Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը: Նա ընդգծել է, որ պետք է ավելի արդյունավետ կիրառել Վրաստանի տրանզիտային հնարավորությունները:






































