2008 թվականի ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի արտաքին կապը պետք է շատ հուսալի լինի. այս համատեքստում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն ուղղակի կենսական անհրաժեշտություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:
«Ցամաքային այն հաղորդակցությունը, որ կա Իրանի հետ, ճգնաժամային իրավիճակներում կարող է բավարար չլինել, հետևաբար երկաթուղու կառուցումը կենսական անհրաժեշտություն է: Գուցե այդ նախագիծը շատ թանկ արժե, բայց միևնույն է, քաղաքական առումով ծրագրի նշանակությունը հսկայական է: Իհարկե, նման նախաձեռնությունները մշտապես տնտեսական նպատակահարմարության վրա են հենվում, սակայն Իրան-Հայաստան երկաթուղու քաղաքական նշանակությունն այնքան մեծ է, որ այն անպայման պետք է կյանքի կոչվի»,- ասաց Սաֆարյանը:
Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրը իրատեսական հիմքեր ունի: Նա հավելել է, որ նոր երկաթուղու կառուցումը ենթադրում է սկզբունքորեն նոր ենթակառուցվածքներ, որոնց ծախսերը, առևտրային տեսանկյունից արագ չեն հատուցվի` դրա համար կպահանջվի 30-ից 50 տարի:
Հատկանշական է, որ հայաստանցի և եվրոպացի փորձագետների տարբեր գնահատականներով, այս նախագիծը կարժենա 2-4 միլիարդ դոլար։










































