Որպես բիզնես-ծրագիր՝ Իրան-Հայաստան երկաթուղին որևէ արժեք չունի և դրա վրա միջոցներ ծախսելն ուղղակի անիմաստ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը:
«Այս նախագիծը բլեֆ է, որ ռուսների օգնությամբ տարածում է իշխանությունը, բլեֆ՝ նման «Արմենիկում» դեղամիջոցի բարձրացրած աղմուկին: Կհայտարարվի, որ այս ծրագրով հնարավոր կլինի շատ բան անել, բայց իրականում դա ընդամենը քարոզչական հեքիաթ է: Այս ծրագիրն իրենից ոչինչ չի ներկայացնում, որովհետև լուրջ հարց է առաջանում՝ ի՞նչ օգուտ է տալու այս նախագծի իրականացումը: Ահա այս հարցը պատասխան չունի: Ամեն ինչից երևում է, որ այս ծրագրի վրա հաշվարկ չի կատարվել: Արդարացումները, որ Իրան-Հայաստան երկաթգիծը ճգնաժամային իրավիճակներում կարող է շատ կարևոր դեր ունենալ, բացարձակապես իրական հիմքեր չունեն: Օրինակ՝ հարցերից մեկն այն է, թե որքա՞ն ժամանակ է պահանջվում՝ հաշվելու համար տարեկան քանի՞ տոննա բեռնափոխադրում պետք է իրականացվի երկաթուղով կամ ո՞ր ընկերություններն են պատրաստ անել դա: Երկրորդ՝ քանի դեռ պարզ չեն բեռնափոխադրման իրական ծավալները, ֆինանսավորողները երբեք իրենց թույլ չեն տա նման նախագիծ հովանավորել»,- ասաց Երջանիկ Աբգարյանը:
Հարցին՝ բավարա՞ր մակարդակի վրա է այսօր Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը, ՀՀՇ անդամը բացասական պատասխան տվեց: «Իրանի հետ կապը այս պահի դրությամբ գոյություն ունեցող մակարդակից ավելի բարձրի կարիք չունի: Միլիարդներ ծախսել, որոնք չեն արդարացնելու իրենց, չարժե»,- նշեց Աբգարյանը:
Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրը իրատեսական հիմքեր ունի: Նա հավելել է, որ նոր երկաթուղու կառուցումը ենթադրում է սկզբունքորեն նոր ենթակառուցվածքներ, որոնց ծախսերը, առևտրային տեսանկյունից, արագ չեն հատուցվի` դրա համար կպահանջվի 30-ից 50 տարի:
Հատկանշական է, որ հայաստանցի և եվրոպացի փորձագետների տարբեր գնահատականներով, այս նախագիծը կարժենա 2-4 միլիարդ դոլար։










































