Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը երեկ Կիևում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Յուրի Բոյկոյի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության հարցը: Թաներ Յըլդըզը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը այն բանի համար, որ խիստ ցրտերի ժամանակ Ուկրաինան Թուրքիայի խնդրանքով իր գազապաստարաններից հավելյալ գազ է հատկացրել Թուրքիային:
Յըլդըզը հավելել է, որ այդպիսի ժեստերն ու մոտեցումները երբեք չեն մոռացվում: Նա նաև վստահություն է հայտնել, որ թուրք-ուկրաինական արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Ընդհանուր առմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էլեկտրաէներգիայի արտահանման, գազային համագործակցության և էներգետիկ ոլորտում երկկողմանի համագործակցությանն առնչվող այլ հեռանկարային հարցեր: Նրանք պայմանավորվել են երկկողմանի համագործակցության խորացման և քննարկվող հարցերի շուրջ երկխոսության ինտենսիվացման շուրջ:
Յըլդըզը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները չեն տարածվում իրենց որոշումների վրա և իրենց համար չեն կարող չափանիշ լինել: