Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ պարզաբանում է, որ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր որոշ ԶԼՄ-ներով տարածած Եղիա Ներսիսյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետն իբր «առաջարկել է իր հետ չխոսել օրենքից, այլ օրենքից խոսելու համար դիմել դատարան», չի համապատասխանում իրականությանը:
Ստորև ներկայացնենք հաղորդագրությունը.
«Քաղաքապետին վերագրվող խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս:
Իրականում, հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների պնդմանը, թե ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչն օրենքի խախտում է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է նրանց, որ այդ աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակում` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան, ինչը, սակայն, չի բավարարել նախաձեռնության ներկայացուցիչներին և նրանք պնդել են, որ կա օրենքի խախտում:
Ի պատասխան այդ պնդման, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է դիմել դատարան և օրենքին համապատասխանության հարցը վիճարկել դատարանում:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս վստահեցնում է, որ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան»:







































