Երեկ օրվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուսանողների և ոստիկանության միջև: Ինչպես փոխանցում է Zaman թերթը, մոտ 500 ուսանող փորձ են կատարել ճեղքել ոստիկանական արգելքը և հասնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի մոտ: Ոստիկանությունը ուսանողների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ուսանողները պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Մենք կանգնել ենք»: Նրանք պահանջել են հավասար հնարավորություններ կրթություն ստանալու հարցում, մայրենի լեզվով կրթություն ստանալու օրենքի ընդունում: Ուսանողների հիմնական մասը եղել է Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանից, որը գտնվում է իշխող ԱԶ կուսակցության գրասենյակից 4 կմ հեռավորության վրա:
Սա եզակի դեպք չէ, երբ այս համալսարանի ուսանողներն «ապստամբում են»: Անցած դեկտեմբերին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ 12 ուսանող փորձել էր ճեղքել ոստիկանական արգելքը և հանդիպել վարչապետի հետ, սակայն նրանք ձերբակալվել էին և դատապարտվել ազատազրկման, որից հետո ուսանողները նոր բողոքի ակցիաներ էին կազմակերպել: Ենթադրվում է, որ երեկվա բողոքի ելույթներն այդ նույն շղթայի շարունակությունն են: