Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը դառնում է Հարավային Կորեայից հետո երկրորդ երկիրը, ուր վարորդական իրավունք ստանալու հավակնորդները մարտի 1-ից սկսած գործնական քննություններ են հանձնելու համակարգչային համակարգերի միջոցով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ մեքենայում տեղադրվելու է տեսախցիկ, իսկ ավտոդրոմում՝ սենսորներ, իսկ ողջ ինֆորմացիան կենտրոնացվելու է համակարգչում, որն էլ որոշում է ընդունելու տվյալ հավակնորդի ցուցաբերած դրական կամ բացասական արդյունքի մասին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Վրաստանում չեղյալ էր հայտարարել վարորդական իրավունքների և ավտոմեքենաների տեխնիկական գրքույկի պարտադիր կրումը: Տեխգրքույկի և վարորդական իրավունքի տվյալները այսուհետ ստուգվելու են ՆԳՆ-ի միասնական համակարգչային ցանցի միջոցով:
Այն ժամանակ Վանո Մերաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ վարորդներն այսուհետ կարող են իրենց հետ չվերցնել վարորդական իրավունքը՝ընդգծելով, որ Վրաստանի ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր մեքենայի մեջ այսուհետ գործելու է հատուկ համակարգ, ինչը կազատի վարորդական իրավունքները ոստիկաններին ներկայացնելու պահանջից:










































