«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է սիրտանոթային հիվանդությունների աճ: 2006թ.-ի համեմատ՝ 2011 թվականին 30 տոկոսով աճել է հիվանդների թիվը: Սիրտանոթային հիվանդություններից մահացությունները կազմում են 50 տոկոս»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զևելյանը:
Նրա խոսքերով՝ հիվանդության աճի պատճառները տարբեր են: Այն պայմանավորված է և՛ դիմելիության աճով, և՛ տեխնիկական միջոցների կատարելագործմամբ, և՛ հասարակության՝ բժշկին դիմելու կուլտուրայի բարձրացմամբ. «Մեզ մոտ կա մի շատ կարևոր հիմնախնդիր. սիրտանոթային հիվանդությունների աճի բարձրացմանը նպաստում է առողջ ապրելակերպի բացակայությունը: Հասարակության հաշմանդամության 30-40 տոկոսը ևս պայմանավորված է սիրտանոթային հիվանդություններով: Ցավալի է, բայց հաշմանդամների 75 տոկոսը աշխատունակ տարիքի է»:
Սրտաբանը առաջարկեց ունենալ սիրտանոթային հիվանդությունների պետական ծրագիր. «Անհրաժեշտ է ունենալ պետական կանխարգելման ծրագիր և անել ամեն ինչ սիրտանոթային հիվանդությունների թիվը նվազեցնելու համար»:







































