Այսօր Ռուսաստանում լույս է տեսել «Աստված մի արասցե» թերթի առաջին համարը, որը ռուսաստանցիներին կներկայացնի այն չարիքները, որոնք սպառնում են իրենց երկրին ընդդիմության հաղթանակի դեպքում: Որպես հավելված՝ այն լույս կտեսնի Ռուսաստանում ամենամեծ տպաքանակն ունեցող թերթերում:
Առաջին համարի տպաքանակը 5.49 միլիոն է: Թերթում ներկայացվել են Պուտինին իրենց աջակցությունը հայտնած հրապարակախոս Մաքսիմ Շևչենկոյի, Նատալյա Բարաբաշի, ինտելեկտուալ խաղերի հայտնի մասնակից Անատոլի Վասերմանի վերլուծությունները: Նրանց կարծիքով՝ Պուտինի պարտության դեպքում Ռուսաստանին սպասվում են մեծ արհավիրքներ:
Առաջին անգամ չէ, որ նման անունով թերթ է լույս տեսնում Ռուսաստանում: Այս միջոցին իշխանությունները դիմել էին նաև 1996թ.-ին, երբ մեծ էր հավանականությունը, որ Ելցինը կարող է պարտվել կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովին:









































