Անդրադառնալով երեկ տարածված այն տեղեկությանը, թե Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանին հիշեցրել է, որ չմոռանա մշակույթի նախարարի հարցը` հուշելով, որ այդ պաշտոնում ամենալավ թեկնածուն իր որդին է` Արմանը` «Երկիր»-ը Արման Սահակյանից փորձել է ճշտել պաշտոնի հավանական բարձրացման լուրը:
«Վերջինս կտրականապես հերքեց, թե հայրը նման բան է ակնարկել, և նշեց, որ այն պարզապես անհեթեթություն է.
«Ես աշխատում եմ իմ պաշտոնում, երկրի նախագահի և վարչապետի հանձնարարությամբ բավական լուրջ բարեփոխումներ ենք կատարում, այնպես որ` ես շատ հանգիստ աշխատում եմ»:
«Պաշտոնը փոխելու ցանկություն չկա՞» հարցին ի պատասխան` Սահակյանը նշել է, որ ցանկությունն իրենը չէ, ցանկությունը պետք է լինի կուսակցությանը, բայց այնպես էլ չէ, որ իր պաշտոնը նախարարի պաշտոնից ցածր է.
«Ես կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն եմ, ինչ է` պետք է նախարա՞ր լինես միայն, որ բարձր պաշտոնյա քեզ պատկերացնեն»:
Հարցին, թե իրեն մշակույթի նախարարի պաշտոնում պատկերացնո՞ւմ է, Սահակյանը պատասխանել է, որ իրեն բոլոր պաշտոններում էլ պատկերացնում է»,- հավելում է «Երկիր»-ը:











































