Ռուսաստանը Բելգիային է հանձնել Հայաստանի քաղաքացի Տիգրան Հարությունյանին, ով մեղադրվում է եվրոպական այդ երկրի տարածքում կատարած սպանության համար: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոն, հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին:
Այսօր Ռուսաստանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների կողմից ապահովվել է Հայաստանի քաղաքացի, 1969 թվականին ծնված Տիգրան Հարությունյանի Բելգիա վերադարձը, գործակալությանը հայտնել է Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցը: Նրա խոսքերով՝ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2010 թվականին բելգիական իրավապաշտպան մարմինների նախաձեռնությամբ: Նա մեղադրվում է 2000 թվականին Բելգիայի տարածքում կատարած սպանության մեջ: Հարությունյանը ձերբակալվել է Միջազգային ոստիկանության վոլգոգրադյան բաժնի աշխատակիցների կողմից՝ 2011 թվականի ապրիլին:
Նշվում է, որ մեղադրյալը ունի «հարուստ քրեական անցյալ»: Դեռ 2002 թվականին Հարությունյանին Գերմանիայից էքստրադիցիայի էին ենթարկել Ռուսաստան, որտեղ Վոլգոգրադի դատարանը նրան դատապարտեց սպանության համար:







































