Հայաստանն ապացուցել է, որ կատարում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և «ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ձևավորման ու գործունեության կարգի մասին համաձայնագրի վավերականացման մասին» օրինագիծը ԱԺ-ն հավանաբար կվավերացնի ըստ օրակարգի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով այն լուրը, որ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է դեռ 2010 թվականի սեպտեմբերին Մոսկվայում ստորագրված վերոնշյալ օրինագիծը:
Հարցին՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի միջամտությունը ներքաղաքական բախումնային հնարավոր իրավիճակներում, նա պատասխանեց. «Աշխարհի բոլոր երկրները զորքեր ունեն: ՀԱՊԿ-ն ամեն պատեհ-անպատեհ առիթով իր զորքերը տվյալ երկիր չի մտցնում: Այդ ուժերը հո խաղալիք չեն, որ ՀԱՊԿ-ը երբ ուզի, օգտագործի դրանք: Այս մտքի վրա կենտրոնանալու փոխարեն արժե, օրինակ, որ մենք հիշենք Ադրբեջանի ամենօրյա սպառնալիքները՝ կապված պատերազմ սկսելու հետ: Ինձ չի թվում, որ ՀԱՊԿ-ն այսօրվա դրությամբ այլ անելիքներ չունի և պետք է զբաղվի միայն Հայաստանով»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է «ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ձևավորման ու գործունեության կարգի մասին համաձայնագրի վավերականացման մասին» օրինագիծը: Վերջնականապես հաստատվելու համար այն պետք է վավերացվի նաև Ազգային ժողովի կողմից:









































