Հարյուրավոր ամերիկացիներ Սուրբ Վալենտինի օրը ամուսնացել են: Սիրահարների տոնը, ինչպես գրում է ITAR-TASS գործակալությունը, չի անցել առանց զարմանալի պատմությունների:
Քլիվլենդում այս ռոմանտիկ տոնից մի քանի շաբաթ առաջ Ջոննի Վաշինգտոնը խնդրել է իր սիրելիի` Ալիսիայի ձեռքը, որպեսզի ամուսնության օրը համընկնի փետրվարի 14-ի հետ:
Առաջին հայացքից թվում է` ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել, եթե չլիներ մեկ հանգամանք` փեսացուն այս պատասխանատու քայլին գնացել է 50 տարի իր այդ քայլը ծանրութեթև անելուց հետո:
Նորապսակները ժամանել են զագս, որտեղ փոխանակել են ամուսնական մատանիներն ու ստացել օրինական ամուսնական զույգի կարգավիճակ:
Մենդելսոնի վալսից հետո Ջոննին լրագրողներին պատմել է, որ «իրականում այնքան էլ չի շտապել ամուսնության առաջարկ անելիս»:
«Այդ որոշումը կայացնելն արագ չի տրվել ինձ: Ես երկար եմ մտածել, հնարավոր է՝ անգամ ձգձգել եմ, բայց հիմա ամբողջությամբ համոզված եմ, որ ցանկանում եմ Ալիսիայի հետ անցկացնել իմ ողջ կյանքը»,- ասել է 86-ամյա նորապսակը:
Նրա ընտրյալը` 83-ամյա Ալիսիան, հարսանեկան արարողությանն ունեցել է երջանիկ տեսք, կրել է վարդագույն մետաքսե կոստյում ու սպիտակ քող:
«Սա իմ առաջին ամուսնությունն է, ես ուզում էի շլացուցիչ տեսք ունենալ»,- խոստովանել է նորահարսը:
Զույգի ամուսնությանը ներկա են եղել նրանց 4 երեխաներն ու 12 թոռները:
Լրագրողների հարցին` ինչպես են նրանք կարողացել տասնյակ տարիներ միասին ապրելուց հետո չկորցնել զգացմունքն ու պահպանել աչքերի փայլը, Ջոննին պատասխանել է, թե ամեն ինչ շատ պարզ է, և միայն պետք է հասկանալ ու նրբորեն վերաբերվել միմյանց:
Ալիսիայի կարծիքով` պետք է միշտ հետևել սրտին ու կարողանալ ներել դիմացինին, քանի որ մենք` բոլորս, ունենք սխալվելու իրավունք:







































