Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նախօրեին հայտարարել էր, թե գյուղատնտեսության ոլորտում արձանագրված լուրջ անկումը հետագայում հնարավոր կլինի մեղմել ձվի եւ անասնաբուծական արտադրանքի ծավալները մեծացնելու հաշվին: Հիշեցնենք, սակայն, որ 2010 թվականի առաջին 9 ամիսներին անասնաբուծության ոլորտում եւս 2, 2% անկում է գրանցվել: «Այդ բոլոր խոսակցությունները նրա հետեւանք են, որ իրենք համակարգային փոփոխություններ ու ծրագրեր չունեն տնտեսության զարգացման համար: Ես հերթական անգամ համոզվում եմ, որ իրենք իրավիճակին չեն տիրապետում: Գյուղատնտեսական արտադրանքի աճ չի կարող լինել, մեր գյուղատնտեսությունը պետք է համակարգային փոփոխության ենթարկվի, ոլորտի պատասխանատուները պետք է հասկանան, թե գյուղատնտեսության ո՞ր ոլորտը պետք է դառնա հիմնական: Խնդիրը սա է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով Գ.Ալավերդյանի հայտարարությունը եւ հավելելով, որ նման հայտարարություններին լուրջ չպետք է վերաբերվել:









































