1908թ. այս օրը Կահիրեում ահաբեկչության զոհ դարձավ արևմտահայ հայտնի գրող, հրապարակախոս, գրական քնադատ ու խմբագիր Արփիար Արփիարյանը: Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին:
Ծնվել է 1851թ. դեկտեմբերի 21-ին Սամսոն նավահանգստում, երբ ծնողներին տեղափոխող նավը Ակնից տեղափոխվում էր Կ.Պոլիս:
Հայկական ջարդերի տարիներին Կոստանդնուպոլսից մեկնել է արտասահման։ Սակայն արտասահմանում էլ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիում հրատարակում էր հայերեն լրագրեր, գրում հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր:
Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար:
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ: