Բանակում խաղաղ պայմաններում գրանցվող արտակարգ պատահարները սպանություններ են` պատվերով սպանություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ գործով դատավոր Սամվել Մարդանյանը իր իրավասություններն ընդարձակել է: «Այստեղից մինչև Իջևան մարդկանց հասցնում է, դատը հետաձգում, հաջորդ օրը ժամը 11.00-ին է նշանակում: Այդ մարդիկ միլիոնատե՞ր են, որ ամեն անգամ դատական նիստի համար հասնեն Իջևան: Դատը սովորական օրերին նշանակվում էր ժամը 14.00-ին, որովհետև ավելի շուտ հնարավոր չէ, վերջին դատը նշանակվեց ժամը 11.00-ին»,- նշեց Հ. Հովհաննիսյանը` ենթադրելով, որ դատավորը տեղափոխեց դատավարությունը Տավուշի մարզ` վախենալով, որ արդարադատություն կարող է լինել:
Ըստ նրա` դատավորը հասկանում էր, որ վկան ամեն անգամ չէր կարող լռել և բերանն անընդհատ փակած պահել: Նա նշեց, որ հենց այդ պատճառով առանցքային վկա Արման Մնացականյանն այլևս ցուցմունք չի տա` դատավորի որոշմամբ:
«Դատերին կշարունակենք գնալ, բայց այսպես չենք թողնելու: Արդարության համար պայքարելու ենք մինչև ՄԻ եվրոպական դատարան: Այնտեղ ի՞նչ են պատասխանելու, թե Արտակ Նազարյանն ինչպես կարող էր ինքնասպան լինել, եթե ավտոմատից փամփուշտ չի պակասել և այդ ավտոմատի վրա ոչ մի մատնահետք չկա»,- նշեց Արտակ Նազարյանի մայրը`զարմանք հայտնելով` ինչպե՞ս կարող է այդպես լինել:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի սպանության գհործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին: