РБК Daily-ն գրում է, որ Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիկ Սանտորումի քարոզարշավը երկրորդ շնչառություն է ստացել: Նա Հանրապետական կուսակցության կողմից ընտրություններում առաջադրված է որպես նախագահի թեկնածու, և քաղաքական գործիչների համար անսպասելիորեն հաղթել է Միսսուրիում։ Նախնական քվեարկությունների արդյունքում Ռիկ Սանտորումը վեց նահանգից չորսում հաղթել է:
Նման արդյունքներն անսպասելի էին հատկապես վերջին շրջանում Նևադայում և Ֆլորիդայում Միթ Ռոմնիի հաղթանակների ֆոնին: Մինչ այդ Ռիկ Սանտորումը նախնական ընտրություններում կարողացել էր հաղթել միայն մեկ անգամ:
Առավել հավանական թեկնածու թվացող Միթ Ռոմնին զիջում է իր դիրքերը: Անշուշտ, նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար նա ունի որոշակի ֆինանսական առավելություն, ինչպես նաև՝ վայելում է հանրապետական քաղաքական վերնախավի աջակցությունը: Սակայն արդյունքները վկայում են, որ Ռիկ Սանտորումը լուրջ մրցակից է նրա համար։