РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը վստահ է Իրանի միջուկային ծրագրի արդյունավետ դիվանագիտական լուծման մեջ.
«Ներկայումս կարիք չկա խոսելու Իրանին հարված հասցնելու հնարավորությունների մասին, քանի որ սպառված չեն իրանական խնդրի դիվանագիտական կարգավորման տարբերակները: Մենք նախկինի նման հակված ենք տվյալ հարցում, այսպես կոչված, կրկնակի դիրքորոշմանը՝ դիվանագիտություն և ճնշումների ուժգնացում:
Մենք վստահ ենք, որ դեռևս առկա են ժամանակ և հնարավորություններ՝ այդ խնդրի դիվանագիտական լուծման համար: ԱՄՆ-ը մի շարք խնդիրների շուրջ մշտապես շփումների մեջ է Իսրայելի հետ: Դա մասնավորապես վերաբերում է Իրանի խնդրին:
Ահա թե ինչու եմ ես մշտապես ասում՝ մենք հավատում ենք, որ Իրանի հանդեպ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներն ու դիվանագիտական ջանքերը արդյունք կտան և հնարավորություն կընձեռեն իրավիճակն առնել վերահսկողության տակ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան Washington Post թերթը գրեց, որ իր հետ հարցազրույցում Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, թե Իսրայելը կարող է Իրանին հարված հասցնել արդեն այս գարնանը: Սակայն դրանից հետո Պանետան հրաժարվեց մեկնաբանել այդ հրապարակումը՝ փաստորեն ակնարկելով, որ այդպիսի հայտարարություն չի արել:











































