Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը երեկ Մյունխենում հայտարարել է, որ Իրանը հասկանում է միայն «պատժամիջոցների լեզուն».
«Իրանը միջուկային զենքի մշակումը կդադարեցնի միայն այն ժամանակ, եթե արագորեն նրա նկատմամբ սահմանվեն տնտեսական պատժամիջոցներ: Միայն դա Թեհրանին կարող է փրկել խուսափել իր միջուկային օբյեկտների վրա հարված ստանալուց:
Եթե այդ պատժամիջոցները սահմանվեն այժմ, ապա իրանցիներն անմիջապես կդադարեցնեն իրենց ապօրինի գործունեությունը: Այդ դեպքում մենք ստիպված չենք լինի դիտարկել Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հարցը: Մեկ տարվա ընթացքում կամ անգամ ավելի կարճ ժամանակահատվածում իրանական միջուկային ծրագրի առանցքային տարրերն օդային հարվածի համար կդառնան անխոցելի:
Նախորդ ամիս Թեհրանը պաշտոնապես հայտարարեց ստորերկրյա «Ֆորդոու» օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքներ սկսելու մասին: Իսրայելին ամենաշատը հետաքրքրում է, թե որչափ ուրան կարող է Իրանը թաքցնել օդային հարվածի համար անխոցելի այդ օբյեկտում:
Մենք գիտենք, որ Իրանն արագացնում է իր միջուկային գործունեությունը: Հնարավոր է՝ դա արվում է պատժամիջոցները կանխելու (դրանց նախորդելու) համար: Դրա համար էլ եկել է ժամանակը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար: Այդ ժամանակ իրանցիները կցնցվեն»:
Հիշեցնենք, որ իսրայելական հետախուզության տվյալներով՝ եթե Իրանը հարստացնի անհրաժեշտ մակարդակի ուրան, ապա իր ձեռքի տակ եղած պաշաներով (մինչև 3.5 տոկոս հարստացված 4 տոննա ուրան, ինչպես նաև մինչև 20 տոկոս հարստացված 100 կիլոգրամ ուրան) կարող է ստեղծել միանգամից 4 միջուկային ռումբ: Դա կպահանջի 1 տարի: Եվս 1-2 տարի կպահանջվի միջուկային մարտագլխիկների արտադրության համար, որոնք կարող են տեղադրվել բալիստիկ հրթիռների վրա:











































