Հայկ Գևորգյանի կալանավորումը ցույց է տալիս, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման փաստին:
Ըստ Ա. Օհանյանի` իշխանությունն անհասկանալի, անբացատրելի քայլեր է իրականացնում, որոնք որևէ կերպ պատճառաբանված չեն: «Ես ինչքան գիտեմ հիմքում դրված է ճանապարհատրանսպորտային պատահար և այդ հիմքով «Հայկական ժամանակ»-ից լրագրող կալանավորել, դա առնվազն քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում: Ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, և արդյունքում մարդ է մահանում, վարորդին չեն ձերբակալում, իսկ սա կասկածելի պայմաններում տեղի ունեցած վրաերթ է, անհասկանալի է այս ամենը»,- ասաց Ա. Օհանյանը:
Ըստ նրա՝ կարևոր դեր է խաղացել Հայկի «Հայկական ժամանակ»-ում աշխատելու փաստը: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ապշած է, որ իշխանությունն ընտրություններից առաջ գնում է այսպիսի վտանգավոր և կտրուկ քայլերի: Նա նշեց, որ երբ իշխանությունը հայտարարում է բաց, թափանցիկ ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն և հանկարծ ձերբակալվում է ամենաընդդիմադիր թերթի պատասխանատուն, դա նշանակում է, որ վիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք, և հույսեր փայփայել, թե կարող են մաքուր ընտրություններ կայանալ, արժանահավատ չի:
Ա. Օհանյանը նաև նշեց, որ Հայաստանում միշտ ընդդիմադիր քննադատական խոսք ասող լրագրողները և լրատվամիջոցները հալածանքների են ենթարկվել, որը նոր երևույթ չէ:
Հիշեցնենք, որ այսօր կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: Այժմ նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:











































