Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Քրիս Հյունը փետրվարի 3-ին պաշտոնից հեռացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա ոստիկանությունում ստել է: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հյունին մեղադրում էին այն բանում, որ նա ճանապարհին գերազանցել է արագությունը, սակայն խաբել է ոստիկաններին` հայտարարելով, որ ղեկին այդ պահին եղել է իր կինը` Վիկի Փրայսը:
Միջադեպը տեղի է ունեցել 2003 թվականի գարնանը, երբ Հյուն դեռ Եվրահանձնաժողովի պատգամավոր էր: Քաղաքական գործիչը կնոջ հետ վերադառնում էր Լոնդոնի Ստանսթեդ օդանավակայանից, երբ ոստիկանությունը կանգնեցրել էր նրանց մեքենան: Իր մեղքը ընդունելու փոխարեն, Հյուն հայտարարել էր, թե մեքենան վարել է կինը, վերջինս հաստատել էր այդ լուրը, և տուգանքը գրվել է Վիկիի անունով:
Խաբեությունը բացահայտվել է 2010 թվականին, երբ Հյուն բաժանվել է կնոջից: 2011 թվականին Փրայսը The Sunday Times-ին պատմել է միջադեպի մասին, որից հետո դրանով հետաքրքրվել է ոստիկանությունը: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, հետաքննությունը շարունակվել է ութ ամիս, որից հետո Հյունին և Փրայսին մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեղադրել են արդարադատությունը խեղաթյուրելու, այսինքն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ բարձրաստիճան անձի նկատմամբ նման լուրջ մեղադրանք դեռ չի առաջադրվել:
Հյուն իրեն մեղավոր չի ճանաչում և մտադիր է դատարանում արդարության հասնել։








































