Մարգար Օհանյանի գործով վկաներից 3-ն այսօր չէին ներկայացել: Վկաներից Մերուժան Կարապետյանը սրտի հիվանդության պատճառով գտնվում է Սպիտակի բժշկական կենտրոնում, Արմեն Կարապետյանը` Ռուսասատանի Դաշնությունում, իսկ մյուս վկան` Նիկողայոս Եղիազարյանը ծանուցվել էր և գտնվում է Հայաստանում, սակայն չէր ներկայացել:
Կողմերի համաձայնությամբ առաջին երկու վկաների նախաքննական ցուցմունքները մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն ընթերցեց դատարանի դահլիճում:
Արմեն Կարապետյանը, որը զբաղեցրել է Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի երկրորդ վաշտի հրամանատարի պաշտոնը, իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ բենզինը ստացել է Ստեփան Կարախանյանից` ամիսը 2 անգամ: 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին յուրաքանչյուր ամսվա համար ստացել է 3500 լիտր բենզին: Ամսական հաշվետությունները հանձնելիս գումարտակի հրամանատար Կարախանյանի ցուցումով վառելիքի ծախսը նշվել է անհամեմատ բարձր: Մասնավորապես 2011-ի հունվարի համար նշվել է 10.500 լիտր, փետրվար և մարտ ամսիներին` 10.200 լիտր: «Նախքան բենզինի ծախսի վերաբերյալ հաշվետվություններ կազմելը ինձ հետ անձամբ կապվել է Կարախանյանը, և բանավոր ասել են ինչքան ծախս պետք է գրեմ»,- ցուցմունքում նշել է վկան:
Երկրորդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանը ևս իր ցուցմունքում նշել է, որ բենզինը միշտ ստացել է Ստեփան Կարախանյանից: 2009-ի հունվար ամսին ստացել է 4.400 լիտր բենզին, սակայն հաշվետվության մեջ նշվել է 8.800 լիտր: Այսպես եղել է ամիսներ շարունակ, մինչև 2010 թվականի վերջը: Կարապետյանն իր ցուցմունքում գրել է, որ բենզինի պակասորդի հարցը շոշափվել է հենց Ստեփան Կարախանյանի աշխատասենյակում` մի քանի այլ վաշտերի հրամանատարների ներկայությամբ: Սակայն Կարախանյանը բենզինի պակաս տրամադրելն ու ավել թիվ գրելը պատճառաբանել է նրանով, որ մեքենաների վազքի ավելացման հետ մեկտեղ նոր անվադողերի և մի քանի այլ սարքավորումների անհրաժեշտություն կա:
Նշենք, որ մինչ այժմ հարցաքննված վկաներից միայն մեկը` այսօր վկայություն տված Արսեն Արշակյանն է իր ցուցմունքում նշել, որ բենզինի պակասի վերաբերյալ անմիջականորեն հայտնել է Մարգար Օհանյանին: Իսկ մյուս գրեթե բոլոր վկաներն իրենց ցուցմունքներում նշել են ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի անունը:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 7-ին, ժամը 12.30-ին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի









































