«Մեր քաղաքական գործիչները սիրողական քաղաքական գործիչներ են: Պատճառն այն է, որ մենք չունենք հատուկ քաղաքական դպրոց: Եթե նրանց զգալի մասը հասկանար, որ ամենավատը ծիծաղելի լինելն է, իրենց մի քիչ սթափ կպահեին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը:
Ըստ Իգիթյանի՝ քաղաքականությամբ զբաղվելը ամենաանշնորհակալ գործն է, և եթե կրճատեն աշխատավարձերը, վերացնեն անձեռնմխելիությունը, ապա խորհրդարանում կմնան միայն նրանք, ովքեր իսկապես քաղաքական գործիչներ են:
Անդրադառնալով ընդդիմությանը՝ Իգիթյանը նշեց, որ ընդդիմությունը տարիներ շարունակ նույն բանն է ասում՝ իշխանությանն անվանում է ավազակապետություն, մինչդեռ ավազակապետերը հենց իրենք են եղել: Ըստ նրա՝ ամեն անձնական ամբիցիա դառնում է կուսակցություն, սակայն ազգի հաշվին ինքնահաստատվել չի կարելի:
«Ես ունեմ իմ խնդիրները և իմ սուրբ պարտականությունն եմ համարում գործս հնարավորինս լավ անել: Եթե բոլորս այս կարգախոսով առաջնորդվենք, ապա ստեղծված արհեստական լարվածությունը չի լինի: Ես ավագանու անդամ եմ, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվում, քանի որ բացի ՀԱԿ-ից՝ որ կուսակցությունն էլ ինձ առաջադրեր, կգնայի, որովհետև իմ նպատակը ազգին ծառայելն է»:









































