Հայաստանը սպասում է, թե Փարիզում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված ինչպիսի զարգացումներ կլինեն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Թե ինչ կլինի հետագայում՝ չեմ կարող ասել: Ակնհայտ է միայն, որ Ֆրանսիայում հարցի առնչությամբ բանավեճեր կլինեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ նախընտրական գործընթացները զարգանում են երեք հիմնական ուղղություններով` տարաձայնություններ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, տարաձայնություններ կոալիցիայի, ինչպես նաև ընդդիմության շարքերում:
«Այս տարաձայնությունները բնական են, և այս առումով զարմանալի ոչինչ չկա: Ենթադրում եմ, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև մրցակցությունը կշարունակվի, կարծում եմ, որ մարտի մեկին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի, մի խոսքով՝ մեզ հետաքրքիր դեպքեր են սպասվում: Միաժամանակ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մրցակցում են, սակայն ոչ իրար ոչնչացնելու համար»,- ասաց քաղաքագետը:
Ամփոփելով` Ալեքսանդր Իսկանդարյանը ավելացրեց, որ այսօր` ԱԺ ընտրությունների նախաշեմին, ընդդիմադիր հռետորիկա գործածում են բոլորը` բացի ՀՀԿ-ից: «Նա այդ բանը, բնականաբար, չի կարող անել, բայց մյուս կուսակցությունների ընդդիմադիր կեցվածքը վաճառվող ապրանք է»,- ասաց քաղաքագետը:








































