Եգիպտոսի իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել՝ կապված Պորտ Սայիդ քաղաքում ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած արյունալի բախումների հետ: Այս մասին հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Հուսեյն Տանտաուին: «Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Կատարվածը չի անդրադառնա երկրի անվտանգության վրա: Մենք չենք պատրաստվում անպատիժ թողնել մեղավորներին»,- Տանտաուիի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
Հիշեցնենք, բախումները տեղի են ունեցել ֆուտբոլային խաղից հետո, երբ տեղի «Ալ Մասրի» թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Կահիրեի «Ալ-Ահլի» թիմի նկատմամբ: Այդ հաշվը բավականին անսպասելի էր, քանի որ մայրաքաղաքի ակումբն ավելի ուժեղ է համարվում: Հաղթող թիմի երկրպագուները, ոգևորված անակնկալից, դուրս են եկել դաշտ և որոշել այստեղ տոնել իրենց հաղթանակը: Դաշտ են դուրս եկել նաև հակառակ թիմի երկրպագուները, որի արդյունքում զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Ընդհանուր առմամբ մարզադաշտում եղել է 40 հազար հանդիսատես, 73 մարդ զոհվել է, շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Ալ-Ահլի» ակումբի դարպասապահը կատարվածից հետո հայտարարել է, որ դադարեցնում է իր ֆուտբոլային կարիերան: «Մենք բոլորս որոշել ենք հեռանալ ֆուտբոլից: Ինչպես կարելի է շարունակել խաղալ 70 մարդու մահից հետո»,- ասել է նա:
Սա երկրպագուների ամենամեծ ընդհարումն է Եգիպտոսի ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ: Մի շարք ֆուտբոլիստներ և ֆուտբոլային ակումբներ առաջարկել են հետաձգել Պրեմիեր լիգայի խաղերը՝ ի հիշատակ զոհվածների:








































