«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների թիվը գերազանցել է 6 հազարը, իսկ մինչև փետրվարի վերջ կհասնի 7 հազարի: Կենտրոնի մամլո պատասխանատու Սեդա Պապոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ գրանցումը շարունակվում է: Ամեն օր «Թումոյում» 3 հերթափոխով դասեր են անցկացվում:
«Բավականին ակտիվ են: Շարունակ զանգում են, նույնիսկ այն մարդիկ, ում 12 տարին դեռ չի լրացել, հետաքրքրվում են մասնակցության պայմաններով»,- ասաց Ս. Պապոյանը:
Նա նշեց, որ մինչև հիմա երեխաները ուսումնասիրում, հմտություններ են ձեռք բերում բոլոր ոլորտներում, իսկ մարտից այն երեխաները, ովքեր արդեն 6 ամիս հաճախում են «Թումո», կրթական ծրագրի առաջին փուլը կավարտեն ու հնարավորություն կունենան ընտրել 4 ոլորտներից մեկը՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա:










































