Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում տեղի են ունեցել ԳԱԱ-ի 3 ինստիտուտների տնօրենների ընտրություններ:
ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կնյազյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:
Նիկոլայ Կնյազյանը 173 գիտական հոդվածների և հեղինակային վկայագրերի, 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Բոյաջյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Աննա Բոյաջյանը 270 գիտական աշխատության հեղինակ է:
ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Իրինա Մելիքսեթյանը: Նա 127 գիտական աշխատության հեղինակ է:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:









































