Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացական ԶԼՄ-ները միավորվել են՝ իշխանություններից պաշտպանվելու համար: Վրացական 31 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այսօր ստորագրել են համերաշխության հուշագիր՝ իշխանությունների ապօրինի գործողություններից համատեղ պաշտպանվելու համար:
Մամուլի ասոցիացիայի ղեկավար Լաշա Տուգուշին հայտարարել է, որ որևէ լրատվամիջոցի վրա իշխանությունների ճնշման դեպքում կհետևի կոորդինացված պատասխան:
Հուշագիրը ստորագրած ԶԼՄ-ները նշում են, որ 2003 թվականին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո իշխանությունները նպատակամղված սահմանափակում են անկախ ԶԼՄ-ների գործունեությունը՝ օգտագործելով ֆինանսական, հոգեբանական, բարոյական ու քաղաքական ճնշման մեթոդներ՝ նրանց վերահսկելու համար:
Հուշագրի ստորագրումից մեկ շաբաթ անց նրա մասնակիցները ստեղծելու են հասարակական կազմակերպություն, որի միջոցով լրագրողները պաշտպանելու են իրենց իրավունքները: