Եթե կոալիցիոն նոր համաձայնագրի կարիք լինի, ապա նման համաձայնագիր կկնքվի. դա դատապարտելի բան չէ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ կոալիցիոն միությունը միշտ աշխատել է, որպեսզի Հայաստանում կայունությունը պահպանվի:
«Այս պահին, սակայն, կոալիցիոն նոր հայտարարության անհրաժեշտությունը չկա, և ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև էլ վստահության դեֆիցիտ գոյություն չունի: Երկուսն էլ մեկ նպատակ ունեն` Հայաստանը բարգավաճ տեսնել, և այս լարվածությունը, որին իբր ականատես ենք հիմա, պայմանավորված է մրցակցությամբ: Խաղին մասնակցող ո՞ր կողմը չի ուզում հաղթել»,- հռետորական հարց հնչեցրեց Բոստանջյանը:
Վերջում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ եթե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև վստահության դեֆիցիտ չկա, կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը 2013-ի նախագահական ընտրություններին կստարեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Մենք պարզապես առիթ չունենք չսատարելու: Ես միշտ ձեռնպահ եմ մնում այլ անձանց, մինչև անգամ իմ ղեկավարի անունից խոսել,բայց բոլոր դեպքերում մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք հարազատ ենք մեր ստորագրած փաստաթղթերին»:











































