ՌԴ-ում Սիրիայի դեսպան Մուհամմեդ Հադադը ժխտել է արևմտյան ԶԼՄ-ների հայտարարությունն այն մասին, որ Chariot ռուսական նավը Սիրիա է տեղափոխել մի քանի տոննա զինամթերք: Դեսպանի խոսքերով՝ նման ոչ մի բան ինքը չի լսել:
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն ու Սիրիան տեխնիկական և ռազմատեխնիկական ոլորտներում համաձայնագրեր ունեն ստորագրած, և Դամասկոսը Ռուսաստանից զինամթերք է ստանում Մոսկվայի հետ կնքած համաձայնագրերի շրջանակում: Ինչպես հայտարարել է դեսպանը, Կրեմլը հարգում է բոլոր միջազգային համաձայնագրերը և չի խախտում իր վրա վերցրած պարտավորությունները:
Chariot նավը, որը դեկտեմբերի կեսերին դուրս էր եկել Սանկտ Պետերբուրգից, հունվարի 11-ին բռնագարավվել էր Կիպրոսի սահմանապահ ծառայությունների կողմից: Փաստաթղթերի համաձայն՝ մոտ 60 տ զինամթերքը պետք է փոխադրվեր Լաթաքիա:
Խորհրդակցությունից հետո Կիպրոսի իշխանությունները բաց էին թողել նավը, սակայն մի պայմանով, որ այն չպետք է զինամթերքը տեղափոխեր Սիրիա: Բայց մի քանի օր անց թուրքական ԶԼՄ-ները հայտարարել էիմ, որ նավը հասել է Տարտուսի նավահանգիստ։











































