Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, Թուրքիայի իշխանությունները զարգացնում են երկրի ռազմարդյունաբերության հնարավորությունները: Պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվում օտարերկրյա պետություններում ռազմարդյունաբերության արտահանմամբ զբաղվող գրասենյակներ բացելու ուղղությամբ: Դրանք, հավանաբար, կբացվեն Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Պարսից ծոցում: Անանուն աղբյուրը նշել է, որ գրասենյակ կբացվի Քաթարում, քանի որ տեղի իշխանությունները նման հրավեր ուղարկել են: Մյուս երկու գրասենյակները, թերևս, բացվեն երեք երկրներից` Բելգիա, Ադրբեջան և Թուրքամենստան, մեկնումեկում:
Այս տարի Թուրքիան մոտ մեկ միլիարդ դոլարի զենք է արտահանել:
Թուրքիան սրանով նաև ցանկանում է ավելացնել արտահանման ծավալներն ընդհանրապես՝ մինչև 2023թ. այն հասցնելով 500 մլրդ դոլարի և մտնելով արտահանող 10 խոշորագույն երկրների մեջ:
Ռազմարդյունաբերության ծավալները այս տարվա կտրվածքով կաճեն մոտ 20%-ով` տարեվերջին կազմելով 2,7 մլրդ դոլար: