Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել է վճարել բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տան համար անհրաժեշտ գումարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով երեկ Զորի Բալայանի հետ եղել է Գյումրիում`քննարկելու Գրողների միության մասնաճյուղի նոր շենքի կառուցման հարցը:
«Քաղաքապետը ասաց, որ իր ու իր եղբոր խնայողություններով պատրաստ են գնել 120քմ տարածքը Լեժավայի համար»,- տեղեկացրեց Լ. Անանյանը` հավելելով, որ բացի բանավոր խոստումից` Վ. Ղուկասյանը նաև գրավոր պարտավորագիր է ստորագրել, որում մասնավորապես նշված է. «Տեղեկացնում եմ, որ Ղուկասյանների ընտանիքը պատրաստ է Թբիլիսիում գտնվող Հովհ. Թումանյանի տունը գնելու նպատակով տրամադրել անհրաժեշտ գումարը»:
Արշիլ Լեժավան այն մարդն է, ում պատկանում է Հովհաննես Թումանյանի տան 120 քմ-ն:
Լ. Անանյանը հաղորդեց նաև, որ Գյումրիի քաղաքապետը դեռ իրենց` Թբիլիսի եղած ժամանակ անընդհատ զանգահարել ու հետաքրքրվել է տան ճակատագրով:
Հայաստանի գրողների միության նախագահը տեղեկացրեց նաև, որ իրենք զգուշացրել են վերջինիս, որ Լեժավայի տան համար անհրաժեշտ 70 հազար դոլարը կարող է վերջնական գին չլինել, ու գումարն անգամ կարող է կրկնապատկվել:
Գյումրիի քաղաքապետը պատրաստ է անգամ դրան: «Մենք փողի մասին չենք խոսում, խոսում ենք գումարի մասին: Սակայն եթե չգանք մի հանգրվանի, կհայտարարենք դրամահավաք»,- նշեց Լևոն Անանյանը:
Վերջինս խորհուրդ տվեց չքաղաքականացնել հարցը. «Վարդան Ղուկասյանը Գյումրիում մշակութային շատ գործեր է արել: Եկեք Թումանյանին չդարձնենք նախընտրական քարոզչությունների զոհ»,- հավելեց Գրողների միության նախագահը:










































