«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քննելու է մի բանաձև, ըստ որի` Բաշար Ասադը պետք է հրաժարվի իշխանությունից, և փոխարենը ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, որի մեջ ընդգրկված կլինեն բոլոր ընդդիմադիր ուժերը: Սիրիայում ժամանակավորապես կդադարեցվի արյունահեղությունը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց արաբագետ Սուրեն Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ այս բանաձևի ընդունման օգտին ելույթ է ունեցել Հիլարի Քլինթոնը: Նա պատրաստվում է կոչ անել բոլոր պետություններին ընդունելու այն: Սիրիան նախօրոք դեմ է դուրս եկել այս բանաձևին, իսկ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան արդեն բռնել է բարեփոխումների ուղին և չի պատրաստվում խոնարհվել ահաբեկիչների առաջ:
Ըստ Սուրեն Մանուկյանի՝ ամենայն հավանականությամբ այս բանաձևին դեմ կքվեարկի Ռուսաստանը, քանի որ կարծում է, որ խնդիրները լուծելու համար Սիրիային պետք է ժամանակ տալ:
Հետաքրքիր է նաև Իսրայելի դիրքորոշումը, որը միանգամից դուր չեկավ գործող նախագահին` նշելով, որ Բաշար Ասադը չարյաց փոքրագույնն է:
«Իսրայելը այլ դիրքորոշում ունի Իրանի հարցում. հենց Իսրայելն է կոչ անում, որ պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, հարկ եղած դեպքում սկսել նաև ռազմական գործողություններ»,- նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Ըստ իրանագետի՝ այս ամենի իրական նպատակը վարչակարգի փոփոխությունն է: Սուրեն Մանուկյանը նշեց, որ թե Իրանում, թե Սիրիայում հայկական համայնքը պաշտպանված չէ, այդ իսկ պատճառով Իրանում կամ Սիրիայում հնարավոր պատերազմը աղետալի կլինի մեզ համար:










































