Բանակում բացասական երևույթները ստվերում են հաջողությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցող սպանություններին:
Ըստ նրա՝ հայոց բանակը երկար տարիների ընթացքում արձանագրել է բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ, իսկ բանակում արձանագրված բացասական երևույթները դրանք ստվերում են: Նա նշեց, որ այս համակարգում աշխատող յուրաքանչյուր անձի համար բանակային սպանությունները ցավալի են:
«Պետք է բանակում այնպիսի կանոնակարգ լինի, որ մամուլում այլևս հրապարակումներ չլինեն բանակային դեպքերի մասին: Ծնողները իրենց երեխաներին պետք է երաժշտությամբ ճանապարհեն բանակ: Այն մայրը, ով տղա է կորցրել, արդեն չի կարող նկատել բանակի հաջողությունները»,- նշեց բանախոսը` հավելելով, որ պաշտպանության նախարարությունը սկսել է նոր կանոնակարգի մշակման աշխատանքները:
Անդրադառնալով քաղաքացիական նախաձեռնություններին և կազմակերպություններին, որոնք բարձրաձայնում են բանակում տեղի ունեցող սպանությունները, ասաց՝ այն միջազգային կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ են տրամադրում այդ աշխատանքի համար, համագործակցում են Թուրքիայի հետ. թուրքական ազդեցությունը շատ մեծ է:
Արկադի Տեր-Թադևոսյանը պատահական չի համարում այն փաստը, որ բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր բացասական դեպք մեծ քննարկման առարկա է դառնում: Կան նաև արդարացի պայքարողներ, ովքեր իսկապես ցավ են ապրում:
«Մի քանի տարի առաջ պաշտպանության նախարարությանը ես առաջարկեցի բանակը հասարակության համար դարձնել թափանցիկ, և հիմա այն հետզհետե այդպիսին է դառնում»,- նկատեց նա:








































