Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքու են այցելում Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ, իսպանացի պատգամավոր Ագրամունտ ֆոն դե Մորան և մալթացի պատգամավոր Ջոզեֆ Դեբանո Գրեշը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵԽ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեյմուր Մելիք-Ասլանովը:
Վերջինս հայտնել է, որ համազեկուցողների այդ ծանուցողական այցը կազմակերպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան): Ադրբեջանում ԵԽԽՎ-ի համազեկուցողներն անցկացնելու են մի շարք հանդիպումներ, որոնցում քննարկելու են ԵԽ-ի առջև Ադրբեջանի պարտավորությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջան պետք է այցելեն 2011 թվականի նոյեմբերի 22-24-ին։