Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանության՝ ինտերնետային անվտանգության բաժնի պատասխանատուները ձերբակալել են Facebook սոցցանցի 4 ադմինիստրատորների, որոնք այդ սոցցանցի միջոցով կազմակերպել էին գեղեցկության վիրտուալ մրցույթ:
Ոստիկանությունը նախ վերահսկողություն է հաստատել այդ խմբի նկատմամբ, որը, նրա կարծիքով, տարածում էր «կոռուպցիա և անամոթություն», ապա ձերբակալել է խմբի անդամներին:
Ձերբակալվածների թվում են հայտնվել 2 տղամարդ և 2 կին: Մինչև ոստիկանների միջամտությունը, այդ խմբին անդամակցել էին ավելի քան 25,000 իրանցիներ, որոնք, կազմակերպիչների կոչերին հետևելով, սոցցանցում հրապարակել էին իրենց լուսանկարները: Այժմ նրանք քրեական հետապնդման վտանգի տակ են:
Նշվում է, որ Իրանում Facebook սոցցանցն արգելափակված է, սակայն շատերը հատուկ ծրագրերի միջոցով կարողանում են շրջանցել այդ արգելքը:





































