«Ժողովուրդ»-ը գրում, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել:
«Փաստորեն, սեփական լրատվամիջոց ունեցող մարդը գերադասում է իր կարծիքն ասել հայտարարության միջոցով այլ ոչ հարցազրույցի: Ինչ խոսք, դա էլ ձև է: Օսկանյանի հայտարարության մեջ (ոչ բովանդակային առումով) հետաքրքիր դրվագն այն է, որ տարածվեց հենց երկուշաբթի: Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչները տեղեկատվական արտահոսք արեցին, թե երկուշաբթի Քոչարյանը կխոսի: Ստացվում է, որ նրա փոխարեն խոսեց Օսկանյանը՝ նախ կարևորելով «Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը», ապա անդրադարձավ բոլոր այն կետերին, որոնց մասին «ժողովուրդ»-ը գրել էր, որ պիտի խոսեր Քոչարյանը (բացառությամբ Ցեղասպանության թեմայի):
Ինչևէ, ընթերցելով Օսկանյանի հայտարարությունը՝ տպավորություն է ստեղծվում, թե նա իրեն «քաղաքական հրապարակային աճուրդի» է հանել: «ԲՀԿ-ի հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: ԲՀԿ-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ ևս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել և կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս»:
Այսինքն՝ ով ավելի բարձր պաշտոն կամ գայթակղիչ առաջարկ անի Օսկանյանին, այն կողմ էլ կթեքվի»,- հավելում է թերթը:







































