Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ ԵՄ-ի՝ Իրանի վրա դրված նավթային էմբարգոն լուրջ ազդեցություն չի ունենա Իրանի տնտեսության վրա: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: «Այդ գործողության հիմնական նպատակն այն է, որ Իրանի բնակչության մեջ առաջանա դժգոհություն: Տնտեսական վիճակը բարդանա, դոլարի կուրսը բարձրանա, սոցիալական խնդիրները մեծանան, խթանվի որոշակի ապստամբություն»,- ասաց Ոսկանյանը:
Նաև նշեց, որ այդ սցենարը իրականությունից հեռու է, քանի որ երկրում ցանկացած սոցիալական վիճակի վատթարացում` բնակչության կողմից ընկալվում է որպես արևմտյան պատժամիջոցների արդյունք: «Սովորական իրանցին դա ընկալում է ոչ թե որպես երկրի կառավարության վատ աշխատանքի հետևանք, այլ կապում է արտերկրի հետ: Նավթային էմբարգոյի արդյունքում Իրանում հազիվ թե ապստամբություն բարձրանա, քանի որ Իրանի բնակչությունը միահամուռ է՝ կապված միջուկային ծրագրի զարգացման հետ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքերով իրանցիները կայսերական ժողովուրդ են և համարում են, որ իրենց երկիրը պետք է ունենա միջուկային զարգացման ծրագիր: «Իրանին սանձելու փորձերը պարբերաբար են լինելու, որոնք դժվար թե որևէ արդյունքի հասնեն»,- կանխատեսեց իրանագետը:











































