Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրան այցելած ԱԷՄԳ-ի տեսուչներն իրանական կողմին վստահեցրել են իրենց այցի արդյունքների գաղտնիության պահպանման մասին: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության գծով Իրանի խորհրդարանական կոմիտեի անդամ Հուսեին Նագավին:
Վերջինս հայտարարել է. «Իրանը, առաջնորդվելով իր իրավունքներով, որոշակի պայմաններ է ներկայացրել ԱԷՄԳ-ին վերջինիս ներկայացուցիչների իրանական այցի համար: Դրա պատճառն այն է, որ ԱԷՄԳ-ի նախորդ տեսչական այցերի արդյունքները հրապարակվել են, ինչի արդյունքում սպանվել են մի շարք իրանցի ատոմագետ-գիտնականներ: Այժմ ԱԷՄԳ-ի տեսուչները երաշխիքներ են տվել, որ չեն հրապարակելու Իրանի միջուկային հաշվետվության տվյալները»:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի տեսուչներն Իրան են ժամանել երեկ: Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ սովորաբար ԱԷՄԳ-ի տեսուչների թվում ընդգրկվում են նաև լրտեսներ:











































